Ինչպե՞ս նվազեցնել քաղցկեղի զարգացումը․ նոր հետազոտություն
Ալկոհոլից, քաղցր ըմպելիքներից և արագ սննդից խուսափելը, մարզվելը, առողջ քաշը պահպանելը և կրծքով կերակրելը նվազեցնում են քաղցկեղի բազմաթիվ տեսակների զարգացման ռիսկը: Այս եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են NCL (Newcastle University) կայքում։
Մասնագետները փորձել են պարզել, թե արդյոք Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի և Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի կողմից կազմված առողջ ապրելակերպի յոթ առաջարկությունների հետևումը կարող է նվազեցնել հիվանդությունների զարգացման ռիսկը:
Առողջ սովորությունները ներառում են ալկոհոլից, արագ սննդից և քաղցր ըմպելիքներից խուսափելը, քաշը վերահսկելը, շաբաթական երկուսուկես ժամ մարզվելը և օրական առնվազն 30 գրամ բջջանյութ օգտագործելը:
Մասնագետները խորհուրդ են տալիս նաև խուսափել մի շարք սննդային հավելումներ ընդունելուց։ Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս ծննդաբերությունից հետո վեց ամիս շարունակել կրծքով կերակրել երեխային։
Հետազոտողները փորձարկել են առաջարկությունների արդյունավետությունը 94778 կամավորների վրա: Մասնակիցների միջին տարիքը 56 տարեկան է եղել։ Հետազոտողները օգտագործել են մասնակիցների տրամադրած առողջության և ուտելու սովորությունների վերաբերյալ տվյալները: Մեկ հանձնարարականին համապատասխանությունը հավասար է եղել մեկ կետի:
Մասնագետները եզրակացրել են, որ թեկուզ մեկ միավոր ստանալը յոթ տոկոսով նվազեցնում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների զարգացման ռիսկը։ Բացի այդ, յուրաքանչյուր հաջորդ միավորը նվազեցրել է կրծքագեղձի և աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը 10 տոկոսով, երիկամների քաղցկեղը՝ 18 տոկոսով և կերակրափողի քաղցկեղը՝ 16 տոկոսով:
#Ինչպես #նվազեցնել #քաղցկեղի #զարգացումը #նոր #հետազոտություն